ԴՈԽՈՅԱՆԸ ԵՎ ՌՈՄԻԿԸ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավաքականի կազմում նախապատրաստվելու են հոկտեմբերի 11-ին եւ 15-ին Բելգիայի եւ Բոսնիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական հանդիպումներին:
Դանիացի մարզիչը այս անգամ հրավիրել է 27 խաղացողների, որոնց թվում կան նաեւ նորեկներ: Մասնավորապես, Արսեն Բալաբեկյանը եւ Նարեկ Բեգլարյանը առաջին անգամ են հրավիրվել հավաքական: Իսկ Արթուր Եդիգարյանը, Հովհաննես Գրիգորյանը, Կառլեն Մկրտչյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գրիգոր Մելիքսեթյանը թեեւ նախկինում եւս հրավիրվել են հավաքական, սակայն դեռ պաշտոնական հանդիպումների չեն մասնակցել:
Յան Պոուլսենը այս անգամ չի հրավիրել փորձառու ֆուտբոլիստներ Կարեն Դոխոյանին եւ Ռոմիկ Խաչատրյանին, որոնք որպես կանոն լինում են հրավիրվածների ցանկում: Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չի ժամանի հավաքականի ճամբար: Չի բացառվում, որ Հայաստանի հավաքականի կազմից դուրս մնա նաեւ Արտավազդ Քարամյանը: Ռումինական ՚Տիմիշոարայումՙ հանդես եկող կիսապաշտպանը իր թիմի վերջին 2 հանդիպումներին չի մասնակցել: Եւս մեկ անգամ Քարամյանը կարող է խաղադաշտ դուրս գալ հոկետմբերի 6-ին, սակայն այս հանդիպումը բաց թողնելու դեպքում Պոուլսենը կհարաժարվի նաեւ նրա ծառայություններից: 27 խաղացողներից հավաքականի մարզիչը ընտրելու է այն 20 ֆուտբոլիստներին, որոնք կմեկնեն Բելգիա, որտեղից էլ Բոսնիա:
Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքը սկսելու է հոկտեմբերի 6-ին: Հավաքականին միայն հոկտեմբերի 8-ին կմիանան պարսակական ՚Ռահ Ահանումՙ հանդես եկող Համլետ Մխիթարյանը, որը հոկտեմբերի 7-ին իր ակումբի կազմում հանդիպում պետք է անցկացնի:
Նախատեսված է, որ Հայաստանի հավաքականին արդեն Բելգիայում կմիանան Լեւոն Պաչաջյանը եւ Քարամյան եղբայրները, որոնք հոկտեմբերի 6-ին դեռ հանդիպումներ են անցկացնելու իրենց թիմերի կազմերում:
Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի (՚Խիմկիՙ, ՌԴ)
Գեւորգ Կասպարով (՚Ուլիսՙ)
Գրիգոր Մելիքսեթյան (՚Փյունիկՙ)
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան (՚Փյունիկՙ)
Ռոբերտ Արզումանյան (՚Ռանդերսՙ, Դանիա)
Ալեքսանդր Թադեւոսյան (՚Վիտեբսկՙ, Բելառուս)
Աղվան Մկրտչյան (՚Գոմելՙ, Բելառուս)
Հրայր Մկոյան (՚Արարատՙ)
Հովհաննես Գրիգորյան (՚Բանանցՙ)
Վահագն Մինասյան (՚Արարատՙ)
Հովհաննես Գրիգորյան (՚Բանանցՙ)
Կիսապաշտպաններ
Արարատ Առաքելյան (՚Մետալուրգՙ, Ուկրաինա)
Լեւոն Պաչաջյան (ԳԱԻՍ, Շվեդիա)
Արթուր Ոսկանյան (՚Վիտեբսկՙ, Բելառուս)
Արտավազդ Քարամյան (՚Տիմիշոարաՙ, Ռումինիա)
Կարեն Ալեքսանյան (՚Տորպեդոՙ, Բելառուս)
Արթուր Եդիգարյան (՚Փյունիկՙ)
Կառլեն Մկրտչյան (՚Փյունիկՙ)
Հենրիխ Մխիթարյան (՚Փյունիկՙ)
Հարձակվողներ
Գեւորգ Ղազարյան (՚Փյունիկՙ)
Սամվել Մելքոնյան (՚Մետալուրգՙ, Ուկրաինա)
Համլետ Մխիթարյան (՚Ռահ Ահանՙ, Իրան)
Արա Հակոբյան (՚Գոմելՙ, Բելառուս)
Արման Քարամյան (՚Տիմիշոարաՙ, Ռումինիա)
Ռոբերտ Զեբելյան (՚Բալթիկաՙ, Ռուսաստան)
Արսեն Բալաբեկյան (՚Բանանցՙ)
Նարեկ Բելգարյան (՚Միկաՙ)