՚ՀՐԱԴԶԱՆԸՙ ԿՈՒՆԵՆԱ 50 ՀԱԶԱՐ ՆՍՏԱՏԵՂ
25 Հունվարի, 2008
Երեւանի ՚Հրազդանՙ մարզադաշտ 37 տարվա պատմություն ունի: Այն դասվել է աշխարհի ամենագեղեցիկ մարզադաշտերի շարքին, սակայն վերջին տարիներին այս կառույցը կորել է ֆուտբոլասերների տեսադաշտից, քանի որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ այնտեղ արդեն 8 տարի է չեն անցկացվում:
՚Չէի ասի, թե փայլուն վիճակում է գտնվում մարզադաշտը, բայց սխալ է նաեւ վթարային որակումը: Աղմուկը բարձրացավ ՚Հրազդանիՙ շուրջ նախանցյալ տարի, երբ որ անցումային տարածքի մի հատված փլուզվեց, ինչի պատճառն, ըստ երեւույթին դեպի Դալմայի այգիներ տանող հատվածում պայթեցումներով ուղեկցվող շինարարական աշխատանքներն էինՙ, - նշեց ՚Հրազդանՙ հոլդինգի մամուլի քարտուղար Թամարա Սարգսյանը:
Կատարվածը մեծ անհանգստություն է պատճառել մարզադաշտի ղեկավարներին եւ միանգամից հարց է բարձրացվել, թե արդյոք այնտեղ կարելի է անցկացնել մարզական միջոցառումներ: ՚Հայսեյսմշինի մասնագետները, ուսումնասիրելով կառույցը, եկել են այն եզրակացության, որ ոչ մի վթարային վիճակ էլ չկա: Բայց նաեւ պետք է հիշենք, որ մարզադաշտը արդեն 37 տարեկան է: Լինելով բաց կառույց, շփվելով օդի եւ ջրի հետ, բնականաբար նրա մետաղական կառույցները որոշ չափով կոռոզիայի են ենթարկվելՙ, - ասաց Թամարա Սարգսյանը: Մասնավորապես փոքրիկ ճեղքեր են առաջացել յարուսի մասում:
Չնայած 5-6 տարի առաջ սկսեցին ՚Հրազդանումՙ վերանորոգման խոշորածավալ աշխատանքներ իրականացնել, սակայն մարզադաշտը ՚շնչողՙ օրգանիզմ է, ինչը անընդհատ ներդրման եւ աշխատանքների կարիք է զգում, ինչն էլ անընդհատ արվում: Մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ են սկսվելու 2008թ. մարտ ամիսից: ՚Կսկսվեն լոկալ աշխատանքներ, տեղային ամրացումների աշխատանքներ: Որոշ մասերում կապիտալ վերանորոգում կկատարվի: Բացի այդ բարեկարգման աշխատանքներ կկատարվեն` հիմնավորապես անդրադառնալով ջրահեռացման եւ ջրամեկուսացման խնդրինՙ, - հայտնեց ՚Հրազդանՙ հոլդինգի մամուլի քարտուղարը: Յարուսի հետ կապված տարբեր վարկանծներ եւ ենթադրություններ են հնչել, սակայն Թամարա Սարգսյանը վստահեցրեց, որ յարուսը մնալու է իր տեղում. ՚Այն ծառայելու է իր բուն նպատակին, պարզապես պետք է ամրացվի, առկա ճաքերը վերացվեն, որպեսզի կառույցը անվտանգ լինի: Յարուսը կունենա 12 հազար նստատեղ, իսկ ողջ մարզադաշտը հնարավորություն կունենա ընդունել շուրջ 50 հազար ֆուտբոլսերներիՙ:
՚Հրազդանՙ մարզադաշտը սեփականաշնորհելու ժամանակ սեփականատիրոջ եւ պետական գույքի կառավարման վարչության միջեը կնքված պայմանագիրի համաձայն սեփականատերը պարտավոր է մինչեւ 2010թ. ավարտել հիմնական աշխատանքներ, որից հետո ՚Հրազդանՙ մարզադաշտում հնարավոր կլինի անցկացնել ցանկացած մարզական միջոցառում: Ընդհանուր առմամբ` մարզադաշտ վերջնական տեսքի բերելու սեփականատիրոջ կողմից կներդրվի 2 մլն դոլար: